ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Am top ico 790ef1042c6012c41e945fd26466036c5260c07c47f0353b86f1ae8bf8beba96
Unlimited 2

Ինչպես անցկացնել հանգիստը Երևանում

Լավագույն վայրերը Երևանում – անվճար` Երևան քարտով

Ճանապարհորդի ուղեցույց: Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերը

Պատրաստվում եք դեպի Երևան Ձեր ուղևորությանը և ցանկանում եք լիովին բացահայտել Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, մենք առաջարկում ենք դրա համար ամենաարդյունավետ տարբերակը: Երևան Քարտը հնարավորություն է տալիս Երևան քաղաքի բոլոր այցելուներին հնարավորինս արդյունավետ և ամենամատչելի կերպով այցելել Երևանի լավագույն վայրերը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները, ժամանցի վայրերը, փաբերը, գինետները և այլն: Առաջարկում ենք պլանավորել Ձեր շրջագայությունը մեզ հետ:

Հայաստանի և Երևանի պատմությունը

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է: Թանգարանը պահպանում է շուրջ 400հզ առարկաներից բաղկացած ազգային հավաքածու և ներկայացնում է Հայաստանի պատմության ու մշակույթի ամբողջական պատկերը՝ սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցադրությունում ներկայացված են հնագիտական, ազգագրական, դրամագիտական և վավերագրական բացառիկ նմուշներ և գլուխգործոցներ:

Երևանի պատմության թանգարան

Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և կոչվել էրեբունի, իսկ հետագայում՝ Երևան։ Մեր հին ու նոր քաղաքի պատմությանը կարելի է ծանոթանալ դեռևս 1931 թվականին հիմնադրված Երևանի պատմության թանգարանում: Այստեղ պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսում են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի մասին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 94.000 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր հարուստ մշակույթը։ Ցուցանմուշների մեջ կան հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող ամենատարբեր գործիքներ:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը:

Հայ գրականությունը

Գրականության և արվեստի թանգարան

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանը կրում է հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի անունը: Մշտական ցուցադրության ժամանակային ընդգրկվածությունը մոտ 300 տարի է: Ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներում, որոնցից առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը:

Եղիշե Չարենցի տուն – թանգարան

Հայ գրականության մեջ բոլոր ժամանակներում անգերազանցելի բանաստեղծի և 20-րդ դարի տաղանդավոր մտածողի ու փիլիսոփայի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է այն բնակարանում, ուր ապրել է բանաստեղծն իր կարճատև կյանքի վերջին տարիներին: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր՝ կապված Չարենց-մարդու ու քաղաքացու, Չարենց- բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են  թանգարանում:

Ազգային և համաշխարհային կերպարվեստը Երևանում

Հայաստանի Ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահն ունի հարուստ հավաքածու: Այն ներկայանում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժիններով, որտեղ հավաքված են կերպարվեստի բնագավառում աշխարհին հայտնի ամենաականավոր վարպետների գործերը: Այստեղ ցուցադրվում են Հ.Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Մ.Սարյանի, Վ.Սերովի, Ի.Ռեպինի, Վ.Կանդինսկու, Մ.Շագալի, Տինտորետտոյի և այլ անվանի հեղինակների մեծարժեք գործերը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի բարձրարվեստ գործերը կարող եք տեսնել Վարպետի անունը կրող տուն-թանգարանում: Հանրահայտ նկարչի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում՝ հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստն իրականության սոսկ արտացոլումը չէ. այն պահանջում է նաև երևակայության ազատություն:
Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը: 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ-ին և շուրջ 20 տարի իր տեսակի մեջ միակն էր ամբողջ տարածաշրջանում: Այդ ժամանակահատվածում, երբ սոցիալիստական ռեալիզմն իշխող ուղղություն էր արվեստում, մոդեռն արվեստն իր բոլոր արտահայտումներով արգելված էր: Չնայած դրան` թանգարանը կայացավ և պահպանեց իր հավաքածուն շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների,  այդ թվում հենց նկարիչների գործերի և սփյուռքի արվեստի պահուստային ֆոնդի նկարների, նաև Մշակույթի նախարարության ձեռքբերումների շնորհիվ: Ցուցահանդեսի մշտական ցուցադրության մեջ կան մեծանուն արվեստագետներ Մ. Սարյան, Մ. Ավետիսյան, Ռ.Խաչատրյան, Ռ. Աթոյան, Խ. Կալենց, Ա. Շիրազ և այլոք: 

 

Հայկական երաժշտարվեստը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հայ երգահան, երգիչ, վարդապետ, էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասի մասունքներն ի մի բերած թանգարանը ստեղծվել է 2015 թվականին և միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը, վերագնահատմանը և հանրահռչակմանը։ Անգնահատելի է Կոմիտասի դերը հայկական ժողովրդական երգերի վերարտադրման, մշակման ու պահպանման գործում: Երաժշտական բանահյուսության հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերման համար այսօր հայ ժողովուրդը պարտական է Կոմիտաս-գիտնականին: Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը՝ Կոմիտասը փրկեց նաև Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը, հակառակ դեպքում, կկորչեր հայոց ցեղասպանության արդյունքում այնպես, ինչպես 1915 թ.-ի մեծ կոտորածներին զոհ դարձավ ինքը՝ մեծ երաժիշտն ու ազգասերը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է մեծանուն կոմպոզիտորի առանձնատան հիման վրա, ուր Հայաստան այցելելիս հանգրվանել է ‹‹Սպարտակ›› և ‹‹Գայանե›› բալետների աշխարհահռչակ հեղինակը, աշխատել այստեղ, հյուրեր ընդունել:  Գոյության ընթացքում թանգարանում հավաքվել են ավելի քան 18.000 արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ: Հուշատանը և 10 ցուցասրահներում ներկայացված բազմազան և բազմաբովանդակ ցուցանմուշները այցելուներին ծանոթացնում են Ա.Խաչատրյանի` հետաքրքիր իրադարձություններով լի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը, ով իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտական գանձարանում:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Սպենդիարյանի կախարդական երաժշտության հնչյունները թանգարանի շքամուտքից Ձեզ կուղեկցեն նրա բնակարան, որտեղ ցուցադրվող մասունքները պատմում են մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին: Թանգարանում ցուցադրվում են կոմպոզիտորի անձնական իրերը, նամականին, փաստաթղթեր ու ձեռագրեր: Այստեղ կարող եք ունկնդրել Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցնել «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը,  դառնալ «Ալմաստ» օպերայի հերոսներ: Հենց այստեղ, օգտագործելով ինտերակտիվ միջոցներ, կարող եք դառնալ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և վայելել կոմպոզիտորի ստեղծագործությունները:

 

Ճանաչե՛ք Երևանը

Զբոսնե՛ք գիշերային Երևանով

Յուրահատուկ գեղեցկությամբ և խորհրդավորությամբ է ներկայանում գիշերային Երևանը: Դուք կարող եք զվայլվել նրանով երեկոյան էքսկուրսիայի ընթացքում կամ ուղղակի զբոսնելով քաղաքի կենտրոնական լուսավոր փողոցներով:

Երևան սիթի-տուր

Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրի կարգախոսն է «Երևան՝ զգա ջերմությունը»: «Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում կծանոթանաք պատմամշակութային արժեք ունեցող բոլոր շինություններին և վայրերին և բազմալեզու համակարգի ընձեռած հնարավորությամբ կլսեք հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:

Մասնակցե՛ք հայկական լեգենդար Արարատ կոնյակի գործարանի տուրին

Հայկական կոնյակը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Երևան Քարտը ներառում է նաև անվճար մասնակցություն Արարատ կոնյակի գործարան, որը հիմնադրվել է 1887 թվականին:

Անպայման օգտվե՛ք հայկական խոհանոցից

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխին կարող եք համտեսել հայկական անկրկնելի ուտեստները՝ բավականին մատչելի գներով: Ճաշակե՛ք հայկական տոլման, խորովածը, հարիսան, ինչպես նաև գաթան, չրեղենը, և իհարկե հայկական անփոխարինելի հացատեսակը՝ լավաշը:

           

Այցելե՛ք Երևանի մերձակայքում գտնվող տեսարժան վայրերը Երևան Քարտով՝ անվճար

Գառնու տաճար, Գեղարդի վանք

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այդ դարձել է թագավորական նստավայր: Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժի հետևանքով: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված էր արևի աստված Միհրին: Գառնու տաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում:  Գեղարդի վանական համալիրի անունը գալիս է վիեննական նիզակ/ գեղարդ (Լոնգինի նիզակ) բառից, որով խաչի վրա Հիսուս Քրիստոսի կողը խոցեցին: Ներկա պահին այդ նիզակը պահվում է Էջմիածնի գանձարանում: Գեղարդի համալիրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Էջմիածնի մայր տաճար, Զվարթնոցի տաճար

Առաջին քրիստոնեական մայր տաճարներից մեկը կառուցվել է IV դարում և գտնվում է համանուն քաղաքում՝ Էջմիածնում: Այն կառուցվել է այլ տաճարի ավերակների վրա և խորհրդանշել հեթանոսությունից քրիստոնեության անցումը: Էջմիածին բառը նշանակում է ‹‹Իջավ միածինը››: Մայր տաճարը առանձնահատուկ է, նրանով, որ բացի հիմնական խորանից, որը գտնվում է եկեղեցու արևելյան մասում, կա նաև կենտրոնական մասում տեղակայված խորան՝ Միածնի իջման վայրում: Էջմիածնի Մայր տաճարում է գտնվում գանձատուն-թանգարանը, որտեղ պահվում են մասունքներ, ոսկով և մարգարիտներով զարդարված եկեղեցիականների հագուստներ, կաթողիկոսների խաչեր, ոսկուց, արծաթից, փղոսկրից պատրաստված բազմաթիվ ծիսական առարկաներ:

Զվարթնոցի հրաշալի տաճարը, որը թարգմանաբար նշանակում է ‹‹Հրեշտականոց››, կառուցվել է 7-րդ դարում: Տաճարը կառուցվել է 20 տարիների ընթացքում: Ցավոք, Զվարթնոցը ավերվել է երկրաշարժից 10-րդ դարում և պահպանվել են միայն ավերակները: Բայց, նույնիսկ այս տաճարի ավերակները մեզ թույլ են տալիս պատկերացնել այս յուրահատուկ ճարտարապետական կառույցի գեղեցկությունը: Այսօր տաճարը արգելոց-թանգարան է, որտեղ կարող եք տեսնել տաճարի վերակառուցված մոդելային տարբերակները, չափազանց տպավորիչ քանդակագործական բեկորներ:

Ձեր այցի ընթացքում Երևան Քարտի միջոցով Դուք կստանաք զեղչեր մեր ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում՝ սրճարաններում, ռեստորաններում, հուշանվերների խանութներում, հյուրանոցներում, լողավազաններում, ժամանցի վայրերում, ակումբներում և փաբերում:

Այցելե՛ք Երևանի լավագույն վայրերը և բացահայտե՛ք քաղաքը Երևան Քարտի հետ:

 

Երևան Քարտի առավելություններին մանրամասն ծանոթացե՛ք այստեղ

Դուք կարող եք գնել կամ ամրագրել Երևան Քարտը այստեղ

Գնել քարտը առցանց

ՉԱՓԱՀԱՍՆԵՐ USD

1 օր / 24 ժամ -
29 USD
2 օր / 48 ժամ -
37 USD
3 օր / 72 ժամ -
44 USD
Անժամկետ -
51 USD