ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ

Header partners am7
Ինչ է ներառված / Թանգարաններ Երևանում / ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Համաշխարհային փառք նվաճած ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է, որտեղ ներկայացված է նրա գրական ու գեղարվեստական՝ բազմազան ու բազմաշերտ ժառանգությունը: Փարաջանովի արվեստը սնվել է հայկական և եվրոպական ավանդույթներով: Հեղինակի ինքնատիպ արձագանքը կյանքի իրադարձություններին, նրա աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի բազմազանությունը:

Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 1600 ցուցանմուշ, որի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում է ռեժիսորի նամականին՝ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները: Թանգարանի նպատակն է հնարավորինս ամբողջական դարձնել թանգարանային հավաքածուն և առավել ընկալելի մատուցել այն հասարակության լայն շրջանակներին: Գոյության 17 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում և այլուր: Էքսկուրսիաներն անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

 

Անվճար այցելություն Երևան քարտով

Adress Ձորագյուղ ազգ. թաղամաս 15, 16
          Երևան 0011, Հայաստան

Tel +374 10 53-84-73

Www www.parajanovmuseum.am

Open Աշխատանքային օրեր
          Ամեն օր՝ 10:30-17:00
          Վերջին մուտքը՝ 16:20

          Ամանորյա տոնական օրերին
          թանգարանն աշխատում է
          ամեն օր: